Քամու էներգիայի վերափոխումը էլեկտրական էներգիայի իրականացվում է հողմակայանների միջոցով: Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները: Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:
Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:
Հայաստանի տարածքի հողմաէներգետիկ ռեսուրսների պաշարագիտական հետազոտությունների արդյունքում մշակվել է հողմաէներգետիկ ատլասը: Համաձայն ատլասի տվյալների “գերազանց՚” և “լավ՚” կարգի պոտենցիալ ունեցող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 980 կմ2, այսինքն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի գրեթե 3,5 %-ը: Այդ տվյալները բերված են ստորև ներկայացված աղյուսակում:
Հայաստանում 1-ին արդյունաբերական հողմային էլեկտրակայանը կառուցվել է 2006թ. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին: Դանիական Westas ընկերությունը, որին 2010թ. մակարդակով պատկանում է հողմատուրբինների համաշխարհային շուկայի 34%-ը, Իրանի Իսլամական Հանրապետությունում կառուցել է հողմատուրբինների արտադրության գործարան, որը միակն է տարածաշրջանում: Այդ ընկերության արտադրության չորս հողմատուրբիններ` յուրաքանչյուրը 660 կՎտ հզորությամբ, կազմում են ՀՀ առաջին` ՙԼոռի-1՚ ՀողմԷԿ-ը, որը տարեկան արտադրել է մինչև 4,5 մլն.կՎտժ էլեկտրաէներգիա: