Բիո- կամ կենսազանգվածը իրենից ներկայացնում է օրգանական նյութ` փայտ, մշակաբույսեր, ջրիմուռներ և կենդանական թափոններ, որոնք կարող են օգտագործվել որպես էներգիայի աղբյուր: Կենսազանգվածը կարող է օգտագործվել մի շարք եղանակներով` այն կարող է այրվել, կիրառվել գազ կամ էթիլային ալկոհոլ արտադրելու համար: Էներգետիկական օգտագործման բազմաթիվ հնարավոր տարերակներից հիմնականները ներկայացված են աղյուսակում:
Պինդ կենսազանգվածը սովորաբար անմիջապես օգտագործվում է որպես վառելիք: Դրա կալորիականությունը 10-20 ՄՋ/կգ է: Այն կարող է ունենալ փայտյա հատիկների կամ թափոնների տեսք և ստացվի քաղաքային կոշտ թափոններից կամ բերքի չօգտագործված մասից: Այն կարող է այրվել կաթսաներում ջերմային էներգիա, էլեկտրաէներգիա կամ երկուսը միասին արտադրելու համար (կոգեներացիա): Այրումը էներգիայի ստացման հիմնական եղանակն է: Այն հիմնականում կիրառվում է կենտրոնացված ջեռուցման կոգեներացիոն կայաններում և գործընթացների տաքացման համակարգերում: Կաթսաները, որոնք օգտագործում են կենսազանգված որպես վառելիք, ավտոմատացված այրման հավելյալ սարքավորումների կարիք ունեն:
Փայտյա մանր հատիկները (պելետները) այժմ դառնում են ավելի հաճախ օգտագործվող վառելիք: Դրանք հիմնականում արտադրվում են փայտ վերամշակող արդյունաբերությունների թափոններից և օգտագործվում են ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով փոքր ջեռուցման համակարգերի համար: Դրանք հեշտ է պահելը, և դրանք չեն քայքայվում, համեմատաբար էժան են հանածո վառելիքներից և արտադրում են շատ քիչ մոխիր և այլ արտանետումներ:
Կենսազանգվածից ստանում են նաև բարձր-կալորիական վառվող գազ` համապատասխան սարքավորման (գազիֆիկատորի) միջոցով: Տեխնոլոգիայի հիմքում ընկած է կենսազանգվածի` բարձր ջերմաստիճանային և անաերոբ պիրոլիզի սկզբունքը, որի արդյունքում գեներացվում է ածխաջրածիններ պարունակող, տարբեր բաղադրության (CH4 մեթան 7-20%, CO ածխածնի մոնօքսիդ 20-30%, CO2 ածխածնի երկօքսիդ 9-15%, H2 ջրածին 5-20%, N2 ազոտ 12-25%) գազային խառնուրդ` կախված հումքի տիպից, որակից և խոնավությունից: Տեխնիկական գրականությունում այն ստացել է “սինթեզ գազ” կամ “գեներատորային գազ” անվանումները: Այն կարելի է օգտագործել գազավառարաններում որպես այլընտրանային վառելիք, ջերմություն ստանալու և/կամ ջուր տաքացնելու կամ գոլորշիացնելու, կամ որպես գեներատորային գազ, բենզինային վառելիքով աշխատող շարժիչներով էլեկտրաէներգիա գեներացնելու նպատակով:
Որպես ելանյութ կիրառվում է բուսական ծագման թափոններ` փայտաթեփ, տարբեր բույսերի ու մշակաբույսերի ցողուններ, փայտի տաշեղներ, ծառի չորացած ճյուղեր: Նախնական հումքը ենթարկվում է մշակման (չորացում մինչև 10-20%, աղում 1…2 սմ ֆրակցիայով) և պելետավորման 2..2.5 սմ երկարության պելետների, որն էլ հանդիսանում է վերջնական հումք, գազիֆիկատորի հնոցում օգտագործելու նպատակով:
Հիմնական հանգույցը գազագեներատորն է, որտեղ և իրականացվում է բուն գազացման պրոցեսը, որը ներառում է այնպիսի հաջորդական փուլեր, ինչպիսիք են` չորացումը, պիրոլիզը (կոքսացումը) և կենսավառելիքի բուն այրումը (նկար): Գազացման ենթակա կենսազանգվածից պելետները բեռնվում են գազագեներատորի հնոցում: Վառելիքի շերտի ներքևում վառոցքի մոմով առաջացնում են այրման օջախ: Այրվող վառելիքը փչահարվում է օդի հոսքով, որը անցնելով ճաղապատ հարթակի միջով ապահովում է վառելիքի ծխացող այրումը խցի ամբողջ լայնական տիրույթին համապատասխանող այրման ճակատով (ֆրոնտով): Արդյունքում առաջանում են ածխածնի լրիվ և թերի օքսիդացման արգասիքներ` CՕ և CO2: Անցնելով շիկացած վառելիքի վերին շերտերով` լրիվ այրման արգասիքները վերականգնվում են, և առաջանում է ածխածնի օքսիդ, իսկ օդին ջրային գոլորշիների ավելացնելու դեպքում, ջրային գոլորշիների շիկացած կոքսի հետ ռեակցիայի մեջ մտնելու հետևանքով առաջանում է ջրածին և սինթեզ գազ, որի հիմնական այրվող բաղադրիչներն են CO և H2: